Ովքեր կարծում են, թե ամեն մայիսի պիտի ռուսին ու աշխարհին ներկայանանք դանդուռ ծախող ադրբեջանցու նվաստ ու ստորաքարշ կերպարանքով, թող սա՛ էլ իմանան։
ՈՒ թող իմանան հենց ռուս սպայից։ Սա տեղի է ունեցել հենց մայիսին, 1918-ի մայիսի ճիշտ այս օրերին՝ Աշոցքում։
«...Հակառակորդը հրանոթային կրակը տեղափոխում է դեպի ձախ: Եվ մենք տեսնում ենք սարսափելի պատկեր: Հեծելազորը թռչում է, ձիերի սմբակների տակից փոշու քուլաներ են բարձրանում: Հեծելազորից մի քանի քայլ առաջ ինքը՝ Անդրանիկն է, քրտնամխած ձիու վրա: Մերկացրած սրով, հպարտ, զորեղ, ասես բրոնզից կոփված: Գնդակները սուլոցով թռչում են նրա կողքով՝ խոցելով նրա ետևից սլացող ձիավորներին: Արկերն աղմուկով պայթում են նրա շուրջը՝ պատելով նրան սև ծխի քուլաներով:
Մեզ թվում էր, թե ահա-ահա, արկի պայթյունից հետո էլ չենք տեսնի նրա և ձիու հետքերը: Բայց ամեն պայթյունից հետո նա ողջ և անվնաս դուրս էր պրծնում ծխի ամպի միջից:
Ավելի ու ավելի մոտ է մեզ: Նրա ձեռքը ամուր սեղմել է գեղեցիկ, կեռ թրի դաստակը: Մի պահ ձիու ընթացքը դանդաղեցնելով՝ գեներալն հրամայեց.
- Իմ ետևի՜ց, հառա՜ջ...
Եվ, ինչպես միշտ, անվախ սլացավ առաջ: Մենք նետվեցինք նրա ետևից:
Թուրքերը մեզ վրա գնդակների և արկերի կարկուտ տեղացին: Բայց դա մեզ չէր կարող կանգնեցնել, մեզ հետ Անդրանիկն էր:
Ահա և թուրքերի հեծելազորը: Այն չդիմացավ մեր հարձակմանը և սկսեց խուճապահար փախչել...»:
ԱԼԵՔՍԵՅ ԿՈԼՄԱԿՈՎ
Անդրանիկի վերջին ջոկատի գնդացրային մարտկոցի պետ
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ